Հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձում են 4 ուղղություններով առաջխաղացում ապահովել․ ՊՆ

Սեպտեմբերի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ: Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ կեսգիշերից սկսած մինչ այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները․ «Այս ակնհայտ իրողության ֆոնին առավել քան անհեթեթ են դառնում ադրբեջանական կողմի պնդումները, թե իրենք խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում։ Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Մեկնաբանել