Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել «Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո» Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ։

Կիպրոսի ԱԳՆ-ն «դատապարտում է հարձակումը և կոչ է անում պահպանել 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը՝ լարվածությունը արագ թուլացնելու համար»։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ, սակայն կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։

«Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերը շարունակում է ողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները»,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Մեկնաբանել