Մանրամասներ՝ Վարդենիսում որդուց լուր չստացած տղամարդու ինքնասպանության հանգամանքներից

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Հրապարակ» օրաթերթը սեպտեմբերի 13-ին գրեց, որ Վարդենիսում զոհված զինծառայողներից մեկի հայրը` Մանվել Մարտիրոսյանը, ինքնասպանություն է գործել:

Ավելի ուշ Aravot.am-ը գրեց, որ որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին չէր զոհվել։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, կապ հաստատեց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ՝ տարածված տեղեկատվությունը և մանրամասները ճշտելու համար։

Վարդենիսի համայնքապետը հաստատեց տեղի ունեցածը։ Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի հարձակումից հետո հայրը փորձել է կապ հաստատել ծառայության մեջ գտնվող որդու հետ, սակայն ժամեր շարունակ չի հաջողվել, որից հետո իքնասպանության է դիմել։

«Դրանից ընդամենը 15 րոպե անց տղան տուն է զանգահարել և հայտնել, որ ամեն ինչ լավ է»,- հայտնեց Ահարոն Խաչատրյանը։

Ճշտող հարցին, թե արդյոք հայրն ուներ հոգեկան կամ այլ առողջական խնդիրներ, համայնքապետը պատասխանեց, որ նման խնդիրներ չեն եղել։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Մեկնաբանել