Ժամը 21։00-ի դրությամբ կրակի ինտենսիվությունը թուլացել է, բայց իրադրությունը մնում է լարված․ ՊՆ

Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով հիմնավորել Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խախտել են այսօր՝ ժամը 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը՝ հրետակոծեով ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ոչ մի րոպե չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը։ Այս կեղծիքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խորապես արհամարհում է միջազգային հանրության կարծիքը՝ բացահայտ ստեր տարածելով Հայաստանի՝ իբր ագրեսիվ գործողությունների մասին»,- հայտարարել է Թորոսյանը։

ՊՆ մամուլի քարտուղարի վստահեցմամբ՝ հայկական կողմը բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Հակառակորդը, հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ, ամբողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։