Ադրբեջանում ձերբակալել են անկախ լրագրողի ու փաստաբանի

Իսմի Աղաև, OC Media

Անկախ լրագրող Ավազ Զեյնալլին և փաստաբան Էլչին Սադիգովը, որը հայտնի է երկրում քաղբանտարկյալների շահերի պաշտպանությամբ, ձերբակալվել են սեպտեմբերի 11-ին՝ կաշառք ստանալու և դրան նպաստելու մեղադրանքով: Նրանց սպասվում է ութից տասներկու տարվա ազատազրկում:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ բացատրելով, որ «Xural» անկախ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալլիին առաջարկվել է 11,764 դոլար կաշառք՝ «Baku Steel Company»-ի նախկին նախագահ, այժմ կալանավորված Ռասիմ Մամմադովին դրական լույսի ներքո պատկերելու համար։

Հայտարարության համաձայն՝ Զեյնալլիի հետ համաձայնությանը նպաստելու համար նաև ձերբակալվել է Մամմադովի փաստաբան Էլչին Սադիգովը։

«Baku Steel Company»-ի նախկին նախագահ Մամմադովը նախնական կալանքի տակ է 2022-ի փետրվարից՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Սեպտեմբերի 12-ին իր լսումներից մեկում Մամմադովը Զեյնալլիին մեղադրել է իրեն շանտաժի ենթարկելու փորձի մեջ։

«Այսօր նա նույն բանն է անում իմ ընտանիքի հետ։ Ավազը հանցագործ է. Նա երկար տարիներ ինձանից կաշառք է պահանջել»,- ասել է Մամմադովը։

Նախքան նրանց ձերբակալությունները տեղական լրատվամիջոցներում հայտնվել էր ձայնագրություն, որում հնչում է ենթադրաբար Զեյնալիի ձայնը՝ անհայտ անձից վճարում ընդունելիս։

Սադիգովի կինը՝ Զիբեյդա Զաքարիան, որը դատարանում ներկայացնում է Մամմադովին, պնդում է, որ ձայնագրության հրապարակումից հետո Գլխավոր դատախազությունը խուզարկել է իրենց տունը և ձեռք է բերել Մամմադովի ընթացիկ դատավարությանը վերաբերող փաստաթղթեր։

Ե՛վ Զեյնալլին, և՛ Սադիգովը հերքել են մեղադրանքները և ակնարկել, որ իրենց մեղադրանք է առաջադրվել որպես ընդդիմադիր գործիչներ իրենց աշխատանքի պատճառով։ Զեյնալլին նախկինում պատիժ էր կրել 2013-ին խոշոր կաշառքներ ստանալու և հարկերից խուսափելու համար, սակայն մեկ տարի անց ազատ էր արձակվել՝ 2014-ին նախագահական համաներմամբ:

Սադիգովը անկախ իրավաբան է, որն առավել հայտնի է քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի