G20-ը աշնանը կքննարկի պարենային խնդիրը

Մեծ քսանյակի (G20) երկրները հանդիպում կկազմակերպեն` քննարկելու պարենի համաշխարհային գների նվազմանն ուղղված միջոցառումների քաղաքականությունը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները: Ակնկալվում է, որ հանդիպման նախապատրաստման քննարկումները կավարտվեն օգոստոսի 27-ին, իսկ համաժողովը, ըստ ամենայնի, կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին: Նշվում է, որ պարենի գների աճի պատճառներից մեկն է դարձել ԱՄՆ-ում վերջին 50 տարիների ամենախիստ երաշտը:

Միաժամանակ` G20-ի ներկայացուցիչները հերքել են այն լուրերը, թե պարենամթերքի գների իջեցման նպատակով կազմակերպվող համաժողովը խուճապի նշան է: «Հանդիպումը հիմնականում կոչված է ցույց տալու, որ մենք հասկանում ենք ստեղծված իրադրությունը և դեմ ենք ցանկացած գործողության, որ կարող է նպաստել շուկայական անկայանության խորացմանը»,- ասել է G20-ի ներկայացուցիչներից մեկը:

Հատկանշական է, որ G20-ի` պարենային խնդրի լուծմանն ուղղված համաժողովը կդառնա առաջինը` Արագ արձագանքման ֆորումի (Rapid Response Forum) համար: Վերջինս ստեղծվել է որպես հարթակ` քննարկելու և լուծումներ գտնելու գլոբալ խնդիրների ծագման վաղ փուլում:

Մեկնաբանել