ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին գործուղել հակամարտության գոտի

Հավաքական անվտանգության պայհանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի արտահերթ նիստում Բելառուսն առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին գործուղել հայ-ադրբեջանական հակամարտության գոտի, տեղեկացնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը։

ՀԱՊԿ նիստն այսօր գումարվել է Հայաստանի նախաձեռնությամբ։ Օրակարգային հիմնական հարցերն էին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրումն ու իրավիճակի հանգուցալուծմանն օժանդակելը։

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը Բելառուսի նախագահի անունից Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Բելառուսի Հանրապետության տեսակետը և կոչ արել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով։ «Ստեղծված իրավիճակը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն»,- ասել է Վոլֆովիչը։

«Առաջարկվել են քայլեր, որոնք դիտարկվում են արագ ձեռնարկելի։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու և քարտուղարության ու ՀԱՊԿ միացյալ շտաբի անձնակազմից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու և առաջարկներ մշակելու համար»։

ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք է, որը հիմնադրվել է 1994 թվականին Ռուսաստանի, Հայաստանի և հետխորհրդային չորս այլ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև: ՀԱՊԿ-ի հիմնադիր պայմանագրի 2-րդ հոդվածը ստորագրող կողմերին պարտավորեցնում է «անհապաղ գործարկել համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը», երբ անդամ պետությունը բախվում է «անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի»:

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ինքնիշխան տարածքի երկայքնով հարձակումների կապակցությամբ Երևանը դիմել է ՀԱՊԿ գործընկերներին։

Մեկնաբանել