ԱՄՆ-ն զգալի ապացույցներ է տեսել, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը և ենթակառուցվածքները. պետդեպ

Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն փաստի, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Ինչպես արդեն ասացինք՝ պետքարտուղար Բլինկենի հայտարարության մեջ նա կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր հարցերի կարգավորման գործում… Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը»,- նշել է Փրայսը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերում այն փաստին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ միջամտելու հակամարտությանը՝ պետդեպի խոսնակը հայտարարել է. «Մենք կոչ ենք արել տարածաշրջանի բոլոր երկրներին՝ օգտագործել իրենց ազդեցությունը և կառուցողական քայլեր ձեռնարկել՝ հասնելու ռազմական գործողությունների դադարեցմանն ու ապաէսկալացմանը։ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես հակամարտության մեկ կողմից օտար ուժերի ներգրավումը կարող է ծառայել այդ նպատակին, բայց կրկին պետք է նշեմ, որ մեր շեշտը բռնություններին վերջ դնելու վրա է»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Սեպտեմբերի 14-ին ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։

Մեկնաբանել