Ջերմուկում հակառակորդն ԱԹՍ-ներով թիրախավորում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները

Գևորգ Թոսունյան, Ջերմուկ

Իրավիճակը Ջերմուկում լարված է, ադրբեջանական զինուժը ԱԹՍ-ների կիրառմամբ թիրախավորում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ջերմուկում կա քաղաքացիական բնակչություն։ Գնդեվազում իրավիճակը հանգիստ է։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները, որոնք դուրս էին գալիս նշված համայնքներից։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Սեպտեմբերի 14-ին ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։

Մեկնաբանել