Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ուժերի հրետակոծության հետևանքով Ջերմուկ քաղաքի հարակից անտառածածկ տարածքում բռնկված հրդեհի չորս օջախներից երկուսը ինքնամարվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ հրդեհի օջախները նախարարության հրշեջները չեն կարող մարել, քանի որ տարածքները հակառակորդի կրակահերթի տակ են։
«Կար հրդեհի 4 օջախ, որից երկուսն արդեն մարվել է՝ ինքնամարման ճանապարհով, քանի որ այդ հատվածները կրակահերթի տակ են»,- ասաց Հայկ Կոստանյանը։
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ նույն օրը, ժամը 15։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքին հարակից անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Այրվել էր մոտ 300 քմ խոտածածկույթ: Բնակելի շենքերի մոտակայքում իրականացվել են հովացման աշխատանքներ:
***
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական երեք անձ:
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Սեպտեմբերի 14-ին ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։