Հակառակորդի հրետակոծությունից վիրավորվել է 4 քաղաքացիական անձ, 2570-ը տեղահանվել են իրենց տներից․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած տվյալների համաձայն՝ քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է։

Ըստ պաշտպանի գրասենյակի հավաքագրած տվյալների՝ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը, առնվազն 2 570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մեծամասնությունը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։

Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են նաև շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։

«Մեծաթիվ են ապացույցները նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ անձանց տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների հրետակոծելու, գնդակոծելու և խափանելու վերաբերյալ։ Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։ Բազմաթիվ են շարունակաբար հարձակման ենթարկվող անձանց նյութական վնասները, մասնավորապես՝ շարժական ու այլ գույքին և ընտանի կենդանիների տեսքով»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարությունում։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։

Սեպտեմբերի 14-ի առավոտից Ադրբեջանի զինուժը սկսել է ինտենսիվ հրետակոծել Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ Ժամը 12:00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։

Մեկնաբանել