Քրդական աշխատավորական կուսակցությունն Արևելյան Թուրքիայի Թունջելի նահանգում առևանգել է թուրքական Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Հուսեյն Այգյունին, հաղորդում է թուրքական Todayszaman-ը:
Ըստ Թունջելիի նահանգապետ Մուստաֆա Թեշքեսենի` քուրդ ահաբեկիչները փակել են ճանապարհը և կանգնեցրել այն մեքենան, որում էին պատգամավորը, նրա օգնականն ու մի լրագրող: Վերջին երկուսն արդեն ազատ են արձակվել:
«Մեր կուսակցությունը ցնցված է: Մենք մեր կուսակցության անդամից դեռևս ոչ մի նորություն չունենք և չենք կարողանում կապվել նրա հետ»,- ասել է Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Գյուրսել Թեքինը:
Միևնույն կուսակցության մեկ այլ անդամ` Հալուք Քոչը, մեղադրել է կառավարությանը պատգամավորին գտնելու շուրջ քայլեր չձեռնարկելու մեջ:
«Սա առաջին անգամն է, որ պատգամավոր է առևանգվում, ինչը ցույց է տալիս, թե որքան հեռու են հասել ահաբեկչական գործողությունները»,- ասել է Քոչը:
Հուսեյն Այգյունը պատգամավոր է ընտրվել Թունջելիի շրջանից, որտեղ 14 տարի աշխատել է որպես իրավաբան:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները առևանգել էին մի շարք թուրք զինվորների: