Ավելի լավ է իրար ուտեն, քան ձգած լռեն
Այն օրից, երբ Էրդողանը հեռախոսով շնորհավորեց մեր ջրոցին (որքան էլ տաղավար տոն լինի, «ջրոցի» է։ Ոչ մի ամրակուռ հայ, լեփ-լեցուն «վեդրոյով», երթուղայինի բաց պատուհանի հետևից վազելիս մտքում իր գործողությունը չի ձևակերպում իբրև Պայծառակերպութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի), ուրեմն, այն օրից, երբ Էրդողանը շնորհավորեց մեր ջրոցին, անցել է մոտ վաթսուն օր։
Այդ օրը Հայաստանի վարչապետը հեռախոսը վերցրել ու շնորհավորել էր Թուրքիայի նախագահի Կուրբան Բայրամը։ Գրագետ ձևակերպելու համար փնտրեցի տոնի բովանդակությունը, մի միստիկ բառազուգադիպությամբ առաջին տողում կարդացի, որ Ջաբրայիլ հրեշտակն այցելում է մարգարեին ու ասում, որ զոհաբերի իր որդուն։ Շարունակությունն արդեն կարևոր չէ։ Ջաբրայիլը, պարզվում է՝ հրեշտակ էր։ Մենք միայն տարածք գիտեինք։
Տոներից հետո՝ օգոստոսի մեկին, Արցախում սկսվեցին պատերազմական գործողությունները։
Հայաստանում գրեթե ամիսը մեկ պատերազմական իրավիճակ է։
Քաղաքական հնարամտությունը սոսկալի էր։
Հաջորդը ընթացիկ հարձակումն է սեպտեմբերի տասներեքից։
Պատերազմի ժամանակ տասնութից քսան տարեկանները կռվում են։ Տեղյակ ու վկա մարդիկ ասում են, որ տասնութից քսան տարեկանները փայլուն են կռվել, և փայլուն են կռվում՝ անկախ հանդերձանքի անկատար տեսքից, և պատերազմական մյուս կարևոր ատրիբուտների որակից։
Պատերազմի ընթացքում որևէ քաղաքական գործիչ չի ասում միտք, որը մեկ ամիս անց որևէ մեկը կհիշի։
Պատերազմական գործողությունների ժամանակ հայ առաջադեմ մտավորականությունը երկարատև, ծանր լռությունից հետո ասում է նույն միտքը․ «Համախմբվեք, մի կերեք իրար, խելք-խելքի տվեք, լծվեք նույն գործին»։
Հենց ավարտվում է հերթական պատերազմը, համախմբման կոչ անող մտավորականությունը լռում է մի՝ ոչնչով չխաթարվող լռությամբ, և այդ լռության մեջ ընդգծվում է երբեմն ներկա իշխանությանը վատ բան չասելու նպատակ, մյուս դեպքում՝ անգետ զանգվածին չտարալուծվելու լուռ, բայց հետևողական միտք։
Մեկ-մեկուկես ամսվա տևողությամբ պատերազմական ընդմիջումների ժամանակ, համախմբման, պատերազմի ժամանակ իրար չուտելու, մի ելք գտնելու կոչ անող մտավորական իմաստնությունը վերածվում է կենցաղային երջանկության, կյանքի շարունակականության՝ թվում է միայն իրենց հասու գյուտի, անելանելին որպես գեղեցիկ դատապարտվածություն ներկայացնելու վերբալ կամ պատկերային արվեստի որևէ ուղղության։ Եվ հնչում է ոչնչի մասին ամենախելացի միտքը «ամեն մարդ իր ոլորտում պետք է հայրենասեր լինի, դերձակը՝ իր, կոշկակարը՝ իր, գիտնականը՝ գիտության մեջ, ուսուցիչը՝ դպրոցում․․․»։ Այսինքն, հենց հարձակվում են Ջերմուկի վրա, դերձակը պիտի վերցնի մկրատը ու սկսի կտրել կտորը, կոշկակարը մեխը ինտենսիվ խփի կոշիկի մեջ։
Մենք կարողանում ենք միայն դասավորել նախադասություն։ Առայժմ ոչ մի քաղաքական դեմք, ոչ մի դիվանագետ, ոչ մի տնտեսագետ, ոչ մի գրող կամ գիտնական ու փիլիսոփա չի ասել մեր իրավիճակի շուրջ մի բան, որը կհիշվի հինգ օր հետո։
Մնացածս հետևում ենք։
Հաջորդ պատերազմին նորից հայտնվում են տասնութ-քսան տարեկանները, և կռիվը շարունակվում է։ Նրանք լավ են կռվում, զոհվում են, ողջ են մնում, արդեն չկա նախկին էնտուզիազմը, որ անուններ հրապարակվեն, մարդիկ հիշեն, հուզվեն, բայց զինվորները կռվում են։
Այսօր, երբ գնդակոծվում էր Ջերմուկը, Ազգային ժողովն աշխատանքային օրենսգրքի մեջ փոփոխություններ է անում։
Մտավորականներից որևէ մեկը անբնական բան չի տեսնում, այդ պատճառով օրենսդրական ակտի անպատեհությանն անդրադառնում են Anka anka-ն, Asik yan-ը, Ofa- Gago-ն՝ ուրույն բառապաշարով ու սեփական պատկերացումների հանգույն։
Որովհետև մտավորականն ուզում է, ինչպես վերջերս մի հանճարեղ ղարաբաղցի աղջիկ ասաց` «պատառ իրան տաինստվեննի պահի»։
Այս ամեն ինչից կարելի էր մեծ աբսուրդի մեծ արվեստ ստեղծել, ինքնախարազանման թատրոն սարքել, անկեղծ ծիծաղել մարդկային թերիության վրա, եթե մարդ չզոհվեր։
Մենք չենք կարող համախմբվել, որովհետև մենք վաղուց առանձին ենք ապրում, ամեն մեկն իր առանձնյակով։ Մենք չենք կարող համախմբվել, որովհետև մենք ատում ենք իրար, քանի որ վստահ ենք, որ մեկը գողացել է մյուսի փողը։ Այս հարցում ոչ ոք մյուսին չի կարողանալու հակառակն ապացուցել։ Մենք ատում ենք իրար, որովհետև վստահ չենք՝ ապուշություն էր, թե դավաճանություն։ Մենք չենք համախմբվելու, որովհետև մեկի տղան զոհվում է, մյուսինը՝ երբեք, չենք համախմբվելու, որովհետև մեծ մասը պատրաստվում է գնալ, փոքր մասը՝ մնալ։
Համախմբման մասին զրույցները կեղծ են։
Մեզ կարող է փրկել միայն պետության ուժեղ, որոշող ձեռքը՝ առանց մեր տրամադրությունն ու նախասիրությունները հարցնելու։ Նախկինները՝ ոչ, ներկաները՝ ոչ, ապագայի մարդը կամ ռուսամետ է կամ արևմտամետ, ու նորից ատում ենք, որովհետև ռուսամետ է, կամ արևմտամետ։ Ե՞լքը։
Այ, սա ասելու համարձակությունը պետք է ունենա մտավորականը։
Միայն ոչ չոր սպիրտ, կրակայրիչ, ծխախոտ, «պեչենի»․․․
Համակարգ, աշխատող համակարգ, միտք գեներացնող մտավորական, կռվող զինվոր։
Առայժմ բոլորս վերջինի վրա ենք հենված։ Կիսակրթված, կիսաապրած, վատ հագնված, լուրջ դեմքով, համարձակ հայ տղաների վրա։