Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է․ ՊՆ

Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Ժամը 13:00-ից սկսած Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին սկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդը լայնորեն կիրառում է նաև հարվածային անօդաչու սարքեր»,- ասել է նա։

ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ հրթիռահրետանային հարվածների զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։

«ՀՀ զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար»,- նշել է Թորոսյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի առնվազն 49 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Մեկնաբանել