Հայկական կողմի զոհերի թիվը հասել է 105-ի, այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին հարցին, Փաշինյանը նշել է․ «Երբ ասում ենք Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Եվ այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին»։
***
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական չորս անձ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին ծայրահեղ լարված է։ Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին սկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդը լայնորեն կիրառում է նաև հարվածային անօդաչու սարքեր։
Հրթիռահրետանային հարվածների զուգահեռ ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։