ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է Ռուսաստանում ԱՄՆ-ի հաջորդ դեսպանի պաշտոնում առաջադրել կարիերային դիվանագետ Լին Թրեյսիին, որը ներկայում ծառայում է Հայաստանում․ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հենվելով խնդրին ծանոթ իր երեք աղբյուրների վրա:
Թրեյսին, որ խոսում է ռուսերեն և 2014-ից 2017 թվականներին եղել է Մոսկվայի թիվ 2 դիվանագետը, կլինի առաջին կինը, որ կսատնձնի այդ դերը: Նա Հայաստանում դեսպան է 2019 թվականից։
Բայդենի վարչակազմը հուսով է, որ նրան արագ կփոխարինի Ջոն Սալիվանին, որը հրաժարական է տվել այս ամսվա սկզբին: Թրեյսիի ժամանման և պաշտոնական առաջադրման ժամկետները կախված կլինեն այն բանից, թե Ռուսաստանը կհամաձայնի արդյոք նրան ընդունել որպես դեսպան իր և Վաշինգտոնի միջև հսկայական լարվածության պահին Ուկրաինայում պատերազմի պայմաններում:
Ըստ CNN-ի՝ ԱՄՆ-ը արդեն փոխանցել է Թրեյսիի անունը Մոսկվային ագրեման ստանալու համար։
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Ռուսաստանը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի հետ և կարող է շահագրգռված լինել ընդունելու Թրեյսիին՝ առանց հետաձգելու գործընթացը՝ Վաշինգտոնում իրենց դեսպանի մուտքն ապահովելու համար:
Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է մեկնաբանություններից։
Թրեյսիի առաջադրումը կնշանակի Մոսկվայում դեսպանատան ղեկավարության ամբողջական վերափոխում: Սալիվանը ամառվա մեծ մասը ներկա չէր Ռուսաստանում, քանի որ նա ԱՄՆ-ում էր կնոջ հետ, որը ծանր հիվանդ էր և մահացել է անցյալ շաբաթ:
ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ իրենք ծրագրում են անհապաղ ձևավորել դիվանագիտական ուժեղ թիմ Մոսկվայում, և որ ուկրաինական պատերազմի ներկայիս դինամիկան չի նպաստում ԱՄՆ-Ռուսաստան ակտիվ դիվանագիտությանը, հատկապես այն պատճառով, որ ռուսներն արդյունավետ ներգրավվելու ցանկություն չեն ցուցաբերում:
«Այս պահին մենք Ռուսաստանի կողմից ոչ մի ցուցում չենք տեսնում, որ նա պատրաստ կլինի լրջորեն հետամուտ լինել նման դիվանագիտությանը, բայց եթե և երբ գա այդ ժամանակը, Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի»,- այս ամսվա սկզբին ասել էր պետքարտուղար Թոնի Բլինկենը: Բրյուսելում։