«Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել»․ Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։

«Ադրբեջանի Հանրապետությունը, անտեսելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հարվածի տակ են հայտնվել խաղաղ բնակավայրեր և ռազմական օբյեկտներ, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են հարյուրավոր զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Գլուխ ենք խոնարհում հայրենի երկրի սահմանների պաշտպանության համար նահատակված զինվորների, սպաների, նրանց հարազատների առջև: Զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել և միասնական ջանքերով պաշտպանել մեր հայրենիքի սահմանները:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրության անհասցե կոչերն ու կրավորական վերաբերմունքը առավել ագրեսիվ են դարձրել Ադրբեջանին, որի բոլոր գործողությունները հովանավորվում են Թուրքիայի կողմից: Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և կասկածելի խաղաղության օրակարգը հայ ժողովրդին կանգնեցնում է ֆիզիկական բնաջնջման վտանգի առջև: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

«Ազատ Հայրենիք – ՔՄԴ»

«Միասնական հայրենիք»

«Արդարություն»

«Հայ հեղափոխական դաշնակցություն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն»

Մեկնաբանել