Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման․ Փաշինյան

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել եւ չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»,- Ֆեյսբուքում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր՝ ավելի վաղ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար պատրաստ են քննադատության ենթարկվել և անգամ հեռացվել իշխանությունից։

«ՀՀ իշխանությունն իդիլիա չի ներկայացնում, չենք ասում` պրոբլեմ չունենք, ՀՀ-ն ունի պրոբլեմ՝ անվտանագային, գոյաբանական, դա նորություն չի, բայց մյուս կողմից պետք է գնանք էտ հարցերի կարգավորման։ Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։

Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։

Մեկնաբանել