Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել. ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից «ձևախեղվել և նենգափոխվել է»։

«ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,- ասված է հայտարարությունում։

***

Այսօր՝ ավելի վաղ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար պատրաստ են քննադատության ենթարկվել և անգամ հեռացվել իշխանությունից։

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։ Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,- ասել է վարչապետը։