ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրակի շուտափույթ դադարեցմանը, իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։Այժմ քննարկվում են մամուլի համար հրապարակվող փաստաթղթի տարրերը։ Դահլիճում մնացել են փորձագետներ, որոնք փաստաթուղթը լրամշակում են»,- ասել է Նեբենզյան:

Նա նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ժամանակ Ռուսաստանը նաև տեղեկացրել է հակամարտության դադարեցման նպատակով ՀԱՊԿ ջանքերի մասին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հարցով քննարկում կկազմակերպի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Սեպտեմբերի 14-ին Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Մեկնաբանել