Google-ը 4 հազ. աշխատակցի կկրճատի

Google-ը մտադիր է աշխատանքից ազատել Motorola Mobility-ի յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի, հաղորդում է Bloomberg-ը: Այդպիսով` կադրային կրճատումների հետևանքով աշխատանքից կազատվի տարեսկզբին ձեռք բերված ընկերության 4 հազ. աշխատակից:

Նշվում է, որ Motorola Mobility-ի արտադրական հարթակների մոտ մեկ երրորդը կփակվի: «Motorola-ն պետք է օգնի աշխատակիցներին անցումային այս բարդ փուլում. ընկերությունը նրանց շռայլ արձակուրդայիններ կվճարի, ինչպես նաև կօգնի աշխատանքի տեղավորման հարցում»,- ասված է Motorola-ի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ Motorola-ն գնելու մտադրության մասին Google-ն առաջին անգամ հայտարարել էր մարտի կեսերին: Սակայն գործարքի հաստատման համար անհրաժեշտ էր իրավաբանական մի շարք արգելքներ հաղթահարել: Գործարքի գումարը կազմել էր $12,5 մլրդ: Motorola-ի բաժնետերերը ստացել էին $40` մեկ բաժնետոմսի դիմաց:

Հատկանշական է, որ Google-ը ցանկանում է օպտիմալացնել իր ծախսերը` պահելու իր գործառնական շահույթի բարձր ցուցանիշները: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ընկերության վաճառքներն ավելացել են 21%-ով` մինչև $10,96 մլրդ, իսկ հասույթը կազմել էր $12,21 մլրդ:

Մեկնաբանել