Արցախի ԱԺ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով

Արցախի Ազգային ժողովի պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով, հայտնում են Արցախի խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին պատվիրակության անդամները գտնվում են Երևանում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով»,- ասված է հայտարարությունում։

***

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար պատրաստ են քննադատության ենթարկվել և անգամ հեռացվել իշխանությունից։

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։ Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել