Արցախի նախագահը Երևանում է՝ ներկայացնելու արցախցիների մտահոգությունները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է, հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի Ազգային ժողովի պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ կրկին քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։

***

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար պատրաստ են քննադատության ենթարկվել և անգամ հեռացվել իշխանությունից։

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։ Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել