ՊՆ-ն մեկնաբանել է հանրահավաքի մասնակիցներին սահման ուղարկելու լուրերը

Օգոստոսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում դիմելով բողոքի ակցիա իրականացնող, իր խոսքերով՝ «առողջ երիտասարդներին», հայտարարել է, թե վերջիններս ութ ժամ ունեն իրերը հավաքելու և առաջնագիծ մեկնելու համար, քանի որ «առավոտյան ժամը 09։00-ից զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետևից»։

Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն էլ, ըստ նրա, խոսել է զինկոմի հետ և այս «ոգով, ուժեղ երիտասարդները վաղը առավոտվանից կստանան իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ»։

ՍիվիլՆեթը հարց ուղղեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին՝ արդյոք կա՞ որոշում երեկ ԱԺ կամ կառավարության դիմաց հանրահավաք իրականացնող տղամարդկանց առաջնագիծ ուղարկելու։ Պաշտպանական գերատեսչությունից արձագանքեցին, որ ոչ։

«Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու դեպքում, ինչպես նաև վարժական հավաքներ անցկացնելու մասին՝ կառավարության առանձին որոշումներով։ Այս պահին նման որոշում չկա»,- ասաց Արամ Թորոսյանը։

Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե «զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց ետևից», մամուլի քարտուղարը հրաժարվեց գնահատական տալ այդ խոսքերին։

«Զինված ուժերը զբաղված է մարտական խնդիրների և ՀՀ պետական սահմանների և ինքնիշխան տարածքի պաշտպանությամբ։ ՊՆ-ն քաղաքական հայտարարություններին մեկանբանություններ տալ չի պատրաստվում»,- արձագանքեց նա։

Օֆելյա Սիմոնյան

Մեկնաբանել