Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տեղադրել՝ նշելով, որ գտնվում է Երևանում՝ Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Նա հայտնում է, որ մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին․ «Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում»։

«ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»,- գրել է Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է նաև, որ Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունը ևս Երևանում է և քաղաքական խորհրդակցությունները է անկացնելու ՀՀ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի և քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ:

***

Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար պատրաստ են քննադատության ենթարկվել և անգամ հեռացվել իշխանությունից։

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։ Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել