ԵՄ-ն ողջունում է հրադադարի պայմանավորվածությունը և կոչ անում համակարգել մարդասիրական քայլերը

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել նախօրեին՝ ժամը 20:00-ից։

«Մեզ ոգևորում են տեղից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարն այժմ պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,- հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

Հայտարարությունում ասվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ Բաքվում և Երևանում։

«ԵՄ-ը շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Մեկնաբանել