Ինչո՞ւ այդքան շատ նահատակ տվեցինք «սոված» թշնամու դեմ մի քանի ժամվա մարտում․ ադրբեջանցի ընդդիմադիր առաջնորդ

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին ֆեյսբուքյան գրառմամբ քննադատել է երկրի ղեկավարությանը Հայաստանի դեմ վերջին մարտերում «այդքան շատ շեհիդ (նահատակ)» տալու կապակցությամբ։ Քերիմլին գրառումն արել է երեկ, երբ Ադրբեջանը հայտարարել էր 50 զոհի մասին։ Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ադրբեջանը հայտարարել է ևս 20 զոհի մասին։ Քերիմլիի գրառումը թարգմանաբար՝ ստորև։

«Այս հարցը հիմա յուրաքանչյուր ադրբեջանցու ստիպում է մտածել։ Ինչո՞ւ այդքան շատ՝ 50 նահատակ տվեցինք «սոված» թշնամու դեմ ընդամենը մի քանի ժամվա մարտում։

Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի բանակը ավելի քիչ պարտվի մարտում:

Առաջին հերթին բանակը պետք է համալրվի ավելի ժամանակակից ու ճշգրիտ զինատեսակներով ու պաշտպանիչ սարքավորումներով։ Երկրորդ՝ պրոֆեսիոնալ զինծառայողները պետք է վերապատրաստվեն։ Պրոֆեսիոնալները պետք է մասնակցեն պատերազմին։ Երրորդ՝ զինվորականները պետք է բարձր պատրաստվածություն ունենան։ Մարզման ընթացքում մարտական ​​զինամթերքի պակաս չպետք է լինի։ Ինչպես հայտնի հրամանատարն էր ասում՝ վարժության ժամանակ պետք է շատ քրտինք թափվի, որ մարտում քիչ արյուն թափվի։ Չորրորդ՝ բանակը պետք է արդյունավետ կառավարվի։ Պետք է ապահովվի օպերատիվ պլանի գաղտնիությունը: Չի կարելի բանակը զոհաբերել պետերի արկածախնդրությանը։

Քանի որ մեր 50 նահատակներից 29-ը սպա ու ենթասպա են եղել, նշանակում է մարտին մասնակցող զինծառայողների մարտական ​​պատրաստվածությունը նույնպես բարձր է եղել։ «Մեր զինվորներն անպատրաստ էին» վարկածը լիովին բացառվում է։

Այժմ հարցը սա է․

Ի՞նչն է պակասում ադրբեջանական բանակին կամ ինչո՞վ է պայմանավորված, որ հոգեբանորեն թույլ, զենքով, տեխնիկապես հետամնաց, ֆինանսապես աղքատ երկրի բանակի հետ մի քանի ժամ մարտում 50 նահատակ ենք տվել, և տրամաբանորեն կարելի՞ է ենթադրել, որ վիրավորների թիվը սրանից 3-4 անգամ ավելի է։

Եվ այդքան կորուստ է տրվել՝ ոչինչ չշահելով։ Իշխանությունները լռելով՝ չեն կարող մոռացության մատնել այս հարցերը։

Կառավարությունը, հատկապես Իլհամ Ալիևը, պետք է պատասխանի այս հարցերին և բացատրություն տա ազգին»։

Մեկնաբանել