ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը սեպտեմբերի 15-ի երեկոյան ժամանել է Հայաստան․ այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Խումբը ժամանել է մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով։ Այն գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նույն օրը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պապիկյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները: Նախարարը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:
Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:

Մեկնաբանել