Հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Բլինկենի միջև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Բլինկենը ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով գրանցված մարդկային կորուստների առնչությամբ։

«Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ ճանապարհով։ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է և նշել է, որ շարունակելու է անձնապես ներգրավված լինել»,- հայտնել է Փրայսը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել