Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի, Պուտինի և Բլինկենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Էմանուել Մակրոնի և Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Իսկ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր:

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել նաև քաղաքացիական չորս անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել