Հայկական կողմի զոհերի թիվը հասել է 135-ի․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 135 է։ Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց ցավոք մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վեջանական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- հայտնեց վարչապետը։

«ՀՀ դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ասաց Փաշինյանը, շեշտելով, որ խոսքը նաև անցած տարի Ադրբեջանի զինուժի կողմից Սոթք-Խոզնավար տարածք ներխուժման մասին է։

Ռազմական դրություն հայտարարելու հարցին անդրադառնալով, Փաշինյանը նշեց, որ դեռ նման որոշման պետք է չգնալ. «Անվտանգության խորհրդի նիստում եկել ենք եզրակացության, որ այն մարդիկ, ովքեր ուզում են ներգրաված լինել այս փուլում, կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ»,- ասաց նա։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության անդամներին տեղեկացրեց, որ օպերատիվ իրավիճակը հարաբերական հանգիստ է, Զինված ուժերը կատարում են իրենց առաջ դրված խնդիրները։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել