ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին երկրների մեծամասնությունն ընդգծել է ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը․ Միրզոյան

ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման արդյունքներով որևէ փաստաթուղթ չի ընդունվել, բայց առանց փաստաթղթի էլ միջազգային հանրությունը դիրքավորվել է քննարկվող հարցերի շուրջ։ Կառավարության նիստում՝ անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից ՀՀ տարածքներ ներթափանցման հարցով ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, ելման դիրքեր վերադառալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը։ Ընկալում կա, որ սա ագրեսիա է, թիրախավովել են քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- ներկայացրեց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, իր հակառակ ու համարժեք արձագանքն է ստացել։

Միրզոյանը շեշտեց, որ առանձին երկրների հետ կապված Հայաստանն ուներ ավելի մեծ ակնկալիքներ, բայց դրանք չարդարացան։

Մեկնաբանել