Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Ջերմուկ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:

Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կհանդիպի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել