Հակառակորդը Ջերմուկից 4,5 կմ-ի վրա է, մինչև ագրեսիան 11-12 կմ էր հեռու. ԳՇ պետ

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն իր հարձակվողական գործողությունների հետևանքով մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը։

«Հակառակորդն իր հարձակվողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ: Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, դրանց որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ»,- ասաց ԳՇ պետը:

Նրա խոսքով՝ ներկայում ադրբեջանական ստորաբաժանումները Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա են գտնվում․ «Այն, ինչ ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման մասով՝ սկսել է սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը և շարունակվել մինչև հրադադարի ռեժիմի հաստատումը: Ջերմուկ քաղաքից մինչև սահման ռազմական գործողություններից առաջ հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ, իսկ ներկայումս հակառակորդը 4.5 կմ հեռավորության վրա է»։

«Մյուս 5 ուղղություններում հակառակորդի ստորաբաժանումների հաջողությունները չի կարող համեմատել Ջերմուկի ուղղությամբ նրանց մխրճման խորության հետ: Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ հակառակորդը մխրճվել է 1-1,5 կմ խորությամբ, Իշխանասարի ուղղությամբ 0,5 կմ խորությամբ են մխրճվել: Մյուս հատվածներում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել»,- նշեց Ասրյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել