Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները. ԳՇ պետ

Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը։

Նա խոստացավ դեսպաններին ճեպազրույցի ավարտից հետո ցույց տալ ապացույց հանդիսացող տեսանյութը։

«Վայրագություններ են իրագործել մեր մարտական դիրքերում՝ մեր զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ։ Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչպես են նրանք մասնատել կին զինծառայողին, կտրել են ոտքերը, մատները, մերկացրել, վայրագության վերջին աստիճանն է»,- ասաց Ասրյանը:

ԳՇ պետի խոսքով՝ պատերազմական հանցագործություններն իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով:

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել