Ալիևը Սամարղանդում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին

Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Аzertag-ի փոխանցմամբ՝ Ալիևն իր ելույթում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին ներկայացրել է Ադրբեջանի տարանցիկ, տրանսպորտային հնարավորությունները և նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումից հետո» տրանսպորտային հնարավորություններն ավելի կմեծանան։

«2020-ի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ ստեղծեց մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար։ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի կմեծանան տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները և այն շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանին ներկայացրել են խաղաղության պայմանագրի կնքման համար նախատեսված հինգ սկզբունքներ՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։

«Այժմ պետք է աշխատենք խաղաղության համաձայնագրի նախագծի վրա՝ առանց նախապայմանների և արհեստական ձգձգումների։ Ցավոք, այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանը լայնածավալ ռազմական սադրանք իրականացրեց Ադրբեջանի հետ պետական սահմանին։ Այդ սադրանքը հսկայական հարված է հասցրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է Իլհամ Ալիևը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել