Կեղծ խաղարկություններ՝ մեծ լսարան ունեցող հայկական խմբերում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ֆեյսբուքի մեծ լսարան ունեցող հայկական խմբերում «Բեկո» և «Քարֆուր» խանութների ցանցերի անունից տարածվում են կեղծ տեղեկություններ, թե իբր ընկերությունները պատրաստվում են կենցաղային տեխնիկա նվիրել ֆեյսբուքյան խաղարկության միջոցով։

«Փոքր քերծվածքներով» շահումը ստանալու համար օգտատերերից պահանջում են մեկնաբանել հրապարակումը, տարածել այն այլ խմբերում և հաստատել շահումը՝ տեղադված հղմամբ անցնելով արդեն բացահայտ կեղծ կայք։

Օրինակ՝ «Քարֆուրի» կայքին նմանակող կեղծ կայքում տեղարդված կոճակին սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է ֆինանսական խարդախությամբ զբաղվող և օֆշորային բրոքերական կայքերում։


Ընկերությունը հերքում է

Հատկանշական է, որ «Բեկո»-ի դեպքում ֆեյսբուքյան կեղծ էջը ստեղծվել է այսօր՝ սեպտեմբերի 16-ին, և միակ հրապարակումը խաղարկության մասին գրառումն է, ինչը չի խանգարում հարյուրավոր օգտատերերի տարածել ակնհայտ կեղծ տեղեկությունը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգմանը թիմը՝ #CivilNetCheck-ը, կապ հաստատեց «Բեկո» տեխնիկայի խանութների ցանցի հետ, որտեղից հայտնեցին, որ տարածվող տեղեկությունը կեղծ է, և ընկերությունը վնասված կենցաղային տեխնիկա չի խաղարկում։

Հիշեցնենք, որ նույն կեղծ տեղեկությունը տարածվում էր ամիսներ առաջ՝ հունիս-հուլիս ամիսներին։ Ընկերությունը կրկին արձագանքել էր տարածվող կեղծիքին և հերքել այն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Տարածվող կեղծ հրապարակման տեքստում առկա քերականական սխալները թույլ են տալիս ենթադրել, որ թարգմանությունը կատարվել է առցանց թարգմանչի, օրինակ google translate-ի միջոցով, և ղեկավարվում է օտարազգի անձանց կողմից։ Նպատակը կարող է լինել օգտատերերից անձնական և բանկային տվյալներ կորզելը, խարդախությունը կամ պարզապես արագորեն ֆեյսբուքյան էջի մեծ լսարան հավաքելը։

Մեկնաբանել