Հրադադարի հաստատման գործում մեծ է եղել ԱՄՆ դերը․ Ալեն Սիմոնյան

Վերջին իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ-ն է․ Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որևիցե ձևով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջամտությունից»։ Սիմոնյանն ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան է գալիս իր հրավերով․ «Դա քաղաքական աշխատանք է, մեր դեսպանի, մեր քաղաքական թիմի մեծ աշխատանքն է, դա նաև գնահատական է ժողովրդավարության աստիճանին, որը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի, և ես շնորհակալ եմ Փելոսիին, որ նա չչեղարկեց իր այցը, որովհետև ես այցի մասին գիտեի շատ ավելի վաղ։ Ասեմ, որ այցելությունը շատ մեծ դեր կունենա հենց անվտանգության առումով»։

Պատասխանելով ռազմական դրություն հայտարարելու մասին հարցին՝ Սիմոնյանն ասել է, թե դա անելն այս պահին կարող է որպես ագրեսիայի քայլ դիտարկվել, որովհետև Ադրբեջանը իր գործողություններից առաջ մշտապես արդարացում է բերում, թե հայերը պատրաստվում են հարձակման, որ ինչ-որ սադրանք ենք արել:

Պետրոս Ղազարյանի հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիևը, որ մենք չենք տալիս բանակցություններով, և ուզում է վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Իրենք ամեն ինչ են ուզում։ Իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք և Թուրքիան, և այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։ Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ-որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում և այլ բան է ուզում, և այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով։ Այսօր մենք ցուցադրել ենք, որ մենք այդ ճանապարհով այլևս չենք կարող գնալ և չենք գնալու, և դրա մասին է մեր կռիվը, և դրա մասին են մեր հայտարարությունները, որ այլևս պատրաստ ենք քննարկել խաղաղության պայմանագիրը առանց նախապայմանների, և ոչ մի բան ավելի»։

Սիմոնյանը նշել է, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, քննարկվում են, և «ես մեծ հույս ունեմ, որ այդ պայմանագիրը մենք մոտ ապագայում կկարողանանք իրագործել»․

«Հիմա հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունը, Արցախի մասին ինչ խոսք կա, և ինչի մասին կարող ենք խոսել, գտնվում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում։ Արցախի անվտանգությունը ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները, և Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ անում է Արցախի համար և արցախցիների համար և անում է շատ ավելի շատ, քան երբևիցե արվել է։ Բայց այսօր 29 800 կմ քառակուսին ՀՀ ինքնիշխան տարածքն է, և ես ու վարչապետը ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունն է հարձակման ենթարկվել, և մենք խոսում ենք ՀՀ անվտանգությունը ապահովելու մասին»։

Մեկնաբանել