Սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է, Էրդողանին ասել է Ռայիսին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է, որ միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է, և պետք է պահպանվի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հաղորդում է իրանական Irna գործակալությունը։

Ռայիսին և Էրդողանը հանդիպել են ուրբաթ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 22-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Նրանք քննարկել են Էրդողանի՝ վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել այդ պայմանավորվածությունների կատարման արագացումը։

Նախագահ Ռաիսին ասել է, որ «Իրանը դեմ է պատերնալիզմին և աջակցում է ինքնորոշմանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Նա անդրադարձել է Հարավային Կովկասի զարգացումներին՝ ընդգծելով Իրանի քաղաքականությունը՝ «ողջունելով Ղարաբաղի ազատագրումը և այդ տարածաշրջանը վերականգնելու պատրաստակամությունը և ընդդիմանալով միջազգային, պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության»։

Մեկնաբանել