Ստեփանակերտի ցույցը հրապարակ է հրավիրում Արայիկ Հարությունյանին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույցի 21-րդ օրն է։ Ընդդիմական ցույցը սեպտեմբերի 14-ին թափ հավաքեց ու վերածվեց համերաշխության ամենօրյա հավաքի այն բանից հետո, երբ Հայաստանի արևելյան սահմաններին տեղի ունեցած մարտերի օրերին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «գոհ կլինենք, եթե Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։

Վերածննդի հրապարակի ցուցարարները նպատակ ունեն պաշտպանել Արցախի ինքնիշխանությունն ու պետականությունը։

Լուսանկարը՝ Անի Բալայանի

Ցույցի առաջնորդներից մեկը՝ Անաստաս Իսրայելյանը, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ արտաքին աշխարհին միասնություն ցույց տալու խնդիր ունենք այսօր․ «Աշխարհին ցույց տալու, որ մենք այս հողում ապրելու իրավունք ունենք՝ ինքնորոշման իրավունք։ Եթե աշխարհի տարբեր տեղերում տարբեր ազգեր ինքնորոշման իրավունքից օգտվել են, ուրեմն մենք էլ ունենք այդ իրավունքը»։ Իսրայելյանն ասաց, որ օրակարգում է հրավիրել հրապարակ բոլոր ղեկավարներին՝ Արցախի տարբեր պաշտոնյաներից մինչև նախագահ Հարությունյան։ «Դրանով մենք ցույց կտանք մեր միասնությունը։ Նաև անհրաժեշտ է, որ Արայիկ Հարությունյանը պատմի երևանյան հանդիպումների մասին, թե ինչ հարցեր են քննարկվել ապագայի մասին։ Ժողովուրդը պատասխանի է սպասում»,- ասաց նա։

Լուսանկարը՝ Անի Բալայանի

Հավաքի մեկնարկը տվեց «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Նա ասաց, որ չենք կարող այսօր դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, և հավաքի իմաստն է դիմել ԱՄՆ-ին, Ռուսաստանին՝ կոչով, որ մեզ պաշտպանեն, քանի որ անիմաստ է խոսել խաղաղության մասին, երբ Ադրբեջանը վայրագություններ է գործում հայ զինծառայողների նկատմամբ։

Իր ելույթից հետո հավաքի մեկ այլ մասնակից՝ Արթուր Գրիգորյանը, ՍիվիլՆեթին ասաց, որ պառակտված հասարակությունը միավորելու խնդիր կա․ «88-ից ի վեր կարողացանք հաղթանակներ կերտել այդ ծանր ու դժվար պայմաններում մեր նպատակասլացության ու միասնականության շնորհիվ։ Ինչ-ինչ պատճառներով պառակտվածություն կա մեր հասարակության մեջ, մեկ բռունցք դառնալու նպատակ ունենք։ Պառակտվածություն ասելով՝ նկատի ունեմ անտարբերությունն ու հիասթափությունը, երբ մարդիկ ասում են, որ ամեն ինչ որոշված է»։

Լուսանկարը՝ Անի Բալայանի

Այսօրվա հավաքի կազմակերպիչներից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, ՍիվիլՆեթին ասաց, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելուց զատ, նպատակ ունեն Արցախում բարեփոխումներ կատարել։

Հավաքի մասնակիցները իրենց ելույթներում նաև հիշատակեցին սեպտեմբերի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նա ուշադրությունւ հրավիրելով էթնիկ զտման շեմին կանգնած արցախահայությանը։