Խստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումները․ Փելոսի

Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարվածները, հարձակումները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։

«Մեր այցից առաջ Հայաստանի սահմանների, ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։ Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- ասել է նա։

Փելոսիի խոսքով այցի նպատակն է նաև ԱՄՆ-ից տնտեսական, անվտանգային առումով Հայաստանի ակնկալիքների մասին տեղեկություններ ստանալը։

«Մեր այցի կարևորությունը և արժեքավորությունը նաև նրանում է, որ մենք այստեղ ենք լսելու, հասկանալու, թե ինչ կարող ենք անել, ինչ է ակնկալվում մեզնից՝ տնտեսական, անվտանգային հարցերով։ Մենք այսօր քննարկեցինք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին Հայաստանի միանալու հարցը, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Մենք այստեղ ենք որպեսզի լսենք, հասկանանք՝ ինչ ակնկալիքներ և ցանկություններ կան»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը։

Հարցին՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը պետք է դուրս ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի ազդեցության գոտուց, Փելոսին նշել է․ «Հայաստանի ժողովրդավարությունը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում։ Այլ կառույցների հետ Հայաստանի շփումների հարցում մենք որևէ ասելիք չունենք, սակայն Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են և մենք ցանկանում ենք այս ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ։ Որոշումը Հայաստանն է կայացնում, այստեղ մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել»։

Ներկայացուցիչների պալատի նախագահը հայտարարել է նաև, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։

«Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ նշել է, որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և ցանկանում ենք, որ ԼՂ հակամարտության բանակցային, խաղաղ, տևական լուծում լինի։ ԼՂ ժողովրդի, պատմական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի հարցերը մեր ուշադրության կենտրոնում են»,- ասել է Նենսի Փելոսին։

Մեկնաբանել