Ստեփանակերտում ընդդիմադիր ակտիվիստները սեպտեմբերի 19-ին կփակեն նախագահականի շենքը, «քանի որ նախագահ Արայիկ Հարությունյանին հարցեր ունեն»․ այս մասին ասաց Արցախի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որն արդեն երեք շաբաթ է՝ շուրջօրյա նստացույց է անում Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում։
«Ես ասել էի երեկոյան 19:00 գանք, ճանապարհը փակենք, բայց այստեղ մարդիկ չեն գնում, հավաքված մնում են ու ասում են, որ առավոտ շուտ գանք և չթողնենք, որ ինքը [Արայիկ Հարությունյանը] մտնի շենք։ Եկեք ճանապարհը փակենքառանց որևէ ղալմաղալի ու բախումների։ Ասենք՝ դուրս արի, մեր հարցերին պատասխանիր»- «Ֆեյսբուքյան» ուղիղ եթերում ասաց Պետորսյանը։
Ընդդիմական ցույցը սեպտեմբերի 14-ին թափ հավաքեց ու վերածվեց համերաշխության ամենօրյա հավաքի այն բանից հետո, երբ Հայաստանի արևելյան սահմաններին տեղի ունեցած մարտերի օրերին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «գոհ կլինենք, եթե Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Հայաստանում և Արցախում շատերը դա ընկալեցին, որ Փաշինյանը Ադրբեջանի հետ պատրաստ է ստորագրել պայմանագիր՝ Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Վերածննդի հրապարակի ցուցարարները նպատակ ունեն պաշտպանել Արցախի ինքնիշխանությունն ու պետականությունը։
Սետեմբերի 17-ին Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ին, ելնելով ստեղծված իրավիճակից, հանդես կգա տեսաուղերձով։