Ակտիվիստներին չհաջողվեց փակել Արցախի նախագահական շենքը․ շարժման առաջնորդը՝ հետագա անելիքների մասին

Ստեփանակերտում սեպտեմբերի 19-ի ընդդիմադիր ակտիվիստներին չհաջողվեց փակել նախագահականի շենքի մուտքերը ու հարցեր ուղղել Արայիկ Հարությունյանին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որն արդեն երեք շաբաթ է՝ շուրջօրյա նստացույց է անում Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում, մանրամասներ ներկայացրեց եղելության ու հետագա անելիքների վերաբերյալ։ Ընդդիմադիրն ասաց, որ, այպես ասած, ժողովրդական պլատֆորմ ստեղծելու նպատակ ունեն, որին հնարավոր է՝ միանան «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր երեկոյան ևս հանրահավաք տեղի կունենա։

Այս ընդդիմական ցույցը սեպտեմբերի 14-ին թափ հավաքեց ու վերածվեց համերաշխության ամենօրյա հավաքի այն բանից հետո, երբ Հայաստանի արևելյան սահմաններին տեղի ունեցած մարտերի օրերին Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «գոհ կլինենք, եթե Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։ Հայաստանում և Արցախում շատերը դա ընկալեցին, որ Փաշինյանը Ադրբեջանի հետ պատրաստ է ստորագրել պայմանագիր՝ Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Վերածննդի հրապարակի ցուցարարները նպատակ ունեն պաշտպանել Արցախի ինքնիշխանությունն ու պետականությունը։

Սետեմբերի 17-ին Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ին, ելնելով ստեղծված իրավիճակից, հանդես կգա տեսաուղերձով։

Մեկնաբանել