30 տարում հայ-ռուսական կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ բացման առիթով։ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։

Ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչն ավանդաբար միջտարածաշրջանային կոոպերացիան է։ Ռուսաստանի սուբյեկտները և Հայաստանի մարզերն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են խոշոր համատեղ նախագծեր և նախաձեռնություններ:

Համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, բավականին հագեցած է։ Պետական իշխանության մարմինների, գործարար, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է կարծիքներ փոխանակեն արդիական, էական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում ՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:

Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկությունները գործնականում պահանջված կլինեն, կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Մաղթում եմ ձեզ արդյունավետ քննարկումներ և ամենայն բարիք»,- ասված է Պուտինի ողջույնի խոսքում։

Մեկնաբանել