Յուրա Մովսիսյան. Չափազանց կարևոր հանդիպում է սպասվում

Այսօր Հայաստանի հավաքականը բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսեց 2 օր անց կայանալիք Բելառուսի հետ հանդիպման մասին, ինչպես նաև իր խաղընկերներ Արազ Օզբիլիսի ու Ռոբերտ Արզումանյանի մասին:

«Չափազանց կարևոր խաղ է սպասվում: Բելառուսը շատ նման է Բուլղարիային, որն Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցն է: Բելառուսի հավաքականը բարձրակարգ թիմ է, որտեղ ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում»,- ասաց Մովսիսյանն ու հավելեց որ մեր հավաքականի ֆուտբոլիստներն այժմ գերազանց մարզավիճակում են:

Արդեն տեղեկացրել ենք, որ Բելառուսի հավաքական է հրավիրվել ազգությամբ հայ Անդրեյ Խաչատուրյանը: Յուրա Մովսիսյանը կարծում է, որ այլ երկրի հավաքականում խաղացողն իրավունք չունի հայ կոչվելու:

«Ի՞նչ հայ, եթե Բելառուսի հավաքականում է խաղում: Եթե հայ լիներ կխաղար Հայաստանի հավաքականում: Նրա մասին կարծիք չեմ հայտնի»,- նկատեց Յուրա Մովսիսյանը:

Անդրադառնալով վերջերս «Կուբան» տեղափոխված Արազ Օզբիլիսին, և այժմ «Կրասնոդարում» մարզվող Ռոբերտ Արզումանյանին` Յուրա Մովսիսյանն ասաց հետևյալը. «Արազն ինքն է իր ընտրությունը կատարել: Ես էլ եմ ժամանակին Եվրոպայից տեղափոխվել Ռուսաստան և սկզբանական շրջանում խնդիրներ եմ ունեցել, բայց այժմ ամեն ինչ կարգին է: Եթե Արազն ուրախ է տեղափոխության համար, ապա բոլորս էլ ուրախ ենք: Բացի այդ Ռուսաստանում լավ են վարձատրում:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին` նա հիմա թիմ է փնտրում: Շատ լավ կլինի, եթե Ռոբերտը շուտ գտնի իր թիմը, քանի որ նա Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից է և խաղային պրակտիկայի կարիք ունի»,- եզրափակեց Հայաստանի հավաքականի հարձակվողը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել