Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին․ «Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- տեղեկացրել էր ԱԳՆ խոսնակը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։ Բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորում է ստացել յոթ քաղաքացիական անձ:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «Հրադադարի հաստատման գործում մեծ է եղել ԱՄՆ դերը»։

Մեկնաբանել