Չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ․ Արայիկ Հարությունյանի ուղերձի հիմնական մտքերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին հանդես է եկել տեսաուղերձով։ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը տարածել է ուղերձի տեքստը։ ՍիվիլՆեթը Հարությունյանի ուղերձից առանձնացրել է հիմնական մտքերը։

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին

Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունն ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է: Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը: Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով:

ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղում

[…] Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է՝ միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա: Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է՝ նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը:

Հույս ունենք ապահովել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության անժամկետ առկայությունն Արցախում

[…] Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է:

Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է: Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից:

Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել և չենք խնայելու նաև պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և մեր առաջ կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք և պարտավոր ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին:

Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ

[…] Բանակցությունների միջոցով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը՝ հավատարմություն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի ու իրավունքների հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքներին:

Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Այդ նպատակին են ուղղված եղել մեր բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իմ կոչը ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում: Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:

Հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ

[…] Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով: Ավելին, 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անառարկելիորեն ամրապնդել են մեր ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք: Հետևաբար, առիթն օգտագործելով՝ կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:

Առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով

Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ: Տվյալ պարագայում, ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտը Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար, և վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ: Սեփական տեսակը պահպանելու համար պատմությունը թեև մեզ կանգնեցրել է արյան գնով երկու հայկական պետություն ստեղծելու հարկադրանքի առաջ, այդուհանդերձ, մենք մշտապես ապրել ու հիմա էլ առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դեպքում պետք է լիարժեք գիտակցենք միմյանց նկատմամբ մեր պատասխանատվության չափն ու նշանակությունը և անպատասխանատու վարքի հետևանքները:

Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա՝ մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է 1991 թվականից ի վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը:

Չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ

[…] Մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս: Այդ առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնց ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները Արցախի ապագայի, հատկապես՝ անվտանգության ու կարգավիճակի հետ կապված: ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրկին հավաստիացնում եմ, որ մենք չենք ընդունելու Արցախի ժողովրդի շահերին հակասող որևէ փաստաթուղթ և այդ մասին հայտարարում եմ նաև հիմա՝ ի լուր աշխարհի:

Բաց ենք Ադրբեջանի հետ բանակցություններով կարգավորելու բոլոր հիմնախնդիրները

Կարևոր հարցերից մեկն էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն են այս ընթացիկ ժամանակահատվածում: Ինչպես նշել եմ, մենք բաց ենք ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորելու բոլոր հիմնախնդիրները, այդ թվում՝ անվտանգային, հումանիտար ու ենթակառուցվածքային բնույթի: Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով, պետք է լուծել բանակցելով: Այդ տրամաբանության շրջանակներում են հետպատերազմյան ժամանակահատվածում մեր պարբերական շփումները ադրբեջանական կողմի հետ՝ անհայտ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ նպատակներով: Եվ այդ շփումներն ամենևին կապ չունեն Արցախի կարգավիճակի հետ, նման քայլերով մենք փորձում ենք որոշակի բարենպաստ պայմաններ ապահովել պետության ու ժողովրդի կենսագործունեության համար՝ հաշվի առնելով մերօրյա իրողությունները: Պետք է նաև նկատի ունենալ, որ հնարավոր չէ բոլոր նման շփումների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել հասարակությանը, քանի որ ավելորդ հրապարակայնությունը երբեմն վնասում է գործընթացին ու սպասվող արդյունքներին: Մի բան հստակ է, որ Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել:

Արցախի 2022-ի բյուջեի ծախսային մասը՝ 221 մլրդ դրամ

[…] Նախատեսում ենք մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին: Բացի բնակարանաշինական ծրագրերից, իրականացրել ենք աննախադեպ ծավալի ճանապարհաշինություն և այլ ենթակառուցվածքային ծրագրեր, իսկ մինչև 2025 թվականը բոլոր բնակավայրերում ապահովելու ենք շուրջօրյա ջրամատակարարում և ճանապարհների ասֆալտապատում: Իրականացրել և շարունակում ենք պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց: Ինչ վերաբերում է պետական բյուջեին, ապա ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսում ենք շուրջ 221 միլիարդ դրամ, որից միայն սոցիալական բնույթի ծախսերը 119 միլիարդ դրամ են, որը 5 միլիարդով ավելին է 2019 թվականի պետբյուջեի ամբողջ ծախսային մասից: Այս առումով հատկանշական է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերված աննախադեպ աջակցությունը, որը միայն ընթացիկ տարում կազմում է 164 միլիարդ դրամ: Կուզեի առանձնահատուկ նշել նաև ողջ հայության կողմից տրվող շարունակական աջակցությունն Արցախին, որի գլխավոր խողովակը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է՝ իր մեծածավալ ծրագրերով:

[…] Նշեմ, որ 2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին, ինչն արտացոլում է տնտեսական ակտիվության դրական միտումները: Այնուամենայնիվ, տնտեսության մեջ առկա են զգալի խնդիրներ՝ առաջնահերթորեն ֆինանսական ռեսուրսի սղության տեսքով, որը պատերազմի ուղիղ հետևանքներից է: Այս առումով լրացուցիչ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տնտեսությունը կարողանա ավելի արագ բռնել զարգացման ուղին՝ խթանելով նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը:

Առաջիկա ամիսներին՝ սահմանադրական բարեփոխումներ; կադրային փոփոխություններ

[…] Գիտակցելով պետական կառավարման համակարգում կուտակված հիմնախնդիրների ազդեցությունը մեր երկարաժամկետ պայքարի վրա՝ հավաստիացնում եմ, որ շարունակաբար ջանքեր ենք գործադրում հաղթահարելու այդ հիմնախնդիրները: Այդ նպատակին է ուղղված սահմանադրական բարեփոխումների մեկնարկած գործընթացը, և, կարծում եմ, առաջիկա ամիսներին կկարողանանք կյանքի կոչել այն՝ հաշվի առնելով մեր առաջ ծառացած կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերներն ու Արցախի ներքին և արտաքին առանձնահատկությունները: Կուզեի շեշտադրել նաև, որ նախատեսում եմ առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում:

Արդեն մեկնարկել են Նախագահին կից հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները, որը լրացուցիչ հարթակ է դառնալու հանրությանը հուզող հարցերը վերհանելու և դրանց անդրադառնալու համար: Այդ և այլ հնարավոր մեխանիզմները պետք է կիրառենք նաև բարձրացնելու պետական մարմինների գործունեության հանդեպ հանրային վերահսկողության արդյունավետության մակարդակը:

Ուզում եմ ընդգծել այդ առումով իմ գլխավոր որոշումներից մեկը՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ: Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար:

[…]

Մեկնաբանել