Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց հիմնադրամ ստեղծելու մասին։
«Ես նախաձեռնում եմ, ինչպես որ խոստացել էի, ակտիվ հանրային գործունեություն և այդ գործունեությունն ունենելու է նաև համակարգային հիմքեր։ Մասնավորապես, մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,- ասաց նա։
Թաթոյանի խոսքով՝ հիմնադրամի նպատակը Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումն է, մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը։
«Հատուկ ուզում եմ նշել, որ այս հիմնադրամը չունի որևէ օլիգարխիկ կամ ինչ-որ մեծահարուստի ֆինանսավորում, դա բացառված է։ Այս կազմակերպությունը սփյուռքի մեր հայրենակիցների, անհատների ֆինանսավորման վրա է հիմնված»,- հայտնեց Արման Թաթոյանը։