Հենրիխ Մխիթարյան. Հարկավոր է հաղթել Բելառուսին

Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաև Հենրիխ Մխիթարյանը.

-Հենրիխ, 5 խաղ` 7 գոլ: Այդ ինչպե՞ս ես հաջողացրել:

-Դե կարելի է ասել` ինչ-որ տեղ աշխատանքի շնորհիվ է, ինչ-որ տեղ էլ թիմակիցների օգնությունն է, ովքեր ճիշտ պահին հասցնում են օգնության գալ: Շնորհակալ եմ նրանց: Ճիշտ է, դեռ առջևում 25 հանդիպում կա, 5 խաղում 7 գոլը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ արդյունքը նայում են մրցաշրջանի վերջում: Այնպես որ, ավելի լավ կլինի հիմա այդ մասին չխոսել: Նման արդյունք, ճիշտ է, ինչ-որ տեղ ես էլ չէի սպասում, բայց այս կյանքում ամեն ինչ էլ պետք է սպասել: Կաշխատեմ հետագայում ավելի շատ գոլեր խփել ու ուրախացնել երկրպագուներին:

-Բելառուսի հետ հանդիպումն ի՞նչ նշանակություն ունի:

-Մեզ համար կարելի է ասել վերջին ստուգողական խաղն է: Շատ բան կորոշվի: Մարզիչը կկողմնորոշվի, թե ում է ընդգրկելու մեկնարկային կազմում, ում կփոխարինի: Իսկ մեզնից կախված է միայն անել այն, ինչ պահանջում է մարզիչը: Եվ ամենակարևորը` հաղթել, որպեսզի վստահություն ձեռք բերենք Մալթայի հետ խաղից առաջ:

-Բելառուսի հավաքականի մասին ի՞նչ կարծիքի ես:

-Դեռ չեմ նայել բելառուսների խաղը: Երևի վաղը կվերլուծենք: Մարզիչն ավելի հստակ կասի, թե որ թույլ կողմերից պետք է օգտվենք և ինչպես խաղանք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք: Ոչ միայն նրա համար, որ պատրաստվում ենք աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը, այլ նաև նրա համար, որ խաղալու ենք սեփական հարկի տակ, մեր երկրպագուների առջև: Կանենք ամեն ինչ, որպեսզի տոն սարքենք այդ օրը:

-«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ցանկանում էր ձեռք բերել քեզ դեռ «Փյունիկում» հանդես գալու տարիներին, բայց դու նախապատվությունը տվել ես «Մետալուրգին»…

-Միգուցե հետաքրքրվել է, բայց ես տեղյակ չեմ եղել: Կոնկրետ առաջարկ եղել է «Մետալուրգից», ես էլ որոշեցի ընտրել ու շարունակել հետագա կարիերաս: Կարծում եմ, որ սխալ քայլ չեմ կատարել, որից հետո հայտնվել եմ «Շախտյորում»: Շնորհակալ եմ Լուչեսկուին, որ ինձ նկատեց: Հիմա անում եմ այն ամենը, որ նա միայն գոհ լինի իմ աշխատանքից:

Մեկնաբանել