Միրզոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և ԼՂ հարցը

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարաքծի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումն ու միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները։

«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր նմանատիպ գործողություններով հստակորեն խաթարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործընթացները՝ առանձնահատուկ նշելով միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտման կարևորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը: Հայկական կողմը շեշտել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:

Մեկնաբանել